
Նպատակ`
Համախառն Շահույթի Մարժան (ՀՇՄ) (Gross Profit Margin) ֆինանսական չափման միավոր է, որն օգտագործվում է կազմակերպության ֆինանսական վիճակը գնահատելու համար: Այն հաշվարկվում է եկամուտների և ապրանքների և/կամ ծառայությունների ինքնարժեքի տարբերությունը բաժանելով ընդհանուր եկամուտների վրա:

Նշանակություն`
Որքան բարձր է ցուցանիշը, այնքան կազմակերպությունն ավելի շատ օգուտ է ստանում յուրաքանչյուր դրամ վաճառքից: Եթե, օրինակ, հաշվարկների արդյունքում համախառն շահույթի մարժան հավասար է 0.40, ապա նշանակում է որ կազմակերպությունը վաճառած յուրաքանչյուր միավորից ստանում է 40% շահույթ: Համախառն շահույթի ցուցանիշի փոփոխությունները կարող են կապված լինել կազմակերպության գնային ռազմավարության փոփոխությունների հետ: Ձեր բիզնեսի վիճակը գնահատելու համար, այս ցուցանիշը կարող եք օգտագործել՝ համեմատելով այն նախորդ տարվա ցուցանիշի և/կամ տվյալ բնագավառում գործող այլ մրցակից ընկերությունների ցուցանիշների հետ:

Կիրառություն`
Ցուցանիշը հաճախ օգտագործվում է, որևէ ապրանքի կամ ծառայության գնի որոշման ժամանակ: Նախորդ տարիների համեմատությամբ համախառն շահույթի մարժայի անընդհատ բարելավումը վկայում է բիզնեսի շարունակական բարելավման մասին: Այս ցուցանիշը տվյալ ճյուղի այլ կազմակերպությունների ցուցանիշների հետ համեմատելիս՝ առաջին հերթին պետք է պարզել արդյոք վերջիններիս կողմից կիրառվում են միևնույն հաշվապահական հաշվառման համակարգերը և պրակտիկան, թե ոչ: