Հարկային արտոնություններ ինքնազբաղված անձանց համար
Ի՞նչ հարկային արտոնություն է տրվում ինքնազբաղված անձին
1. Եթե ինքնազբաղված անձը ստացել է հարկերից ազատման արտոնագիր, ապա այդ գործունեության տեսակների մասով ազատվում է պետական բյուջե վճարվող հարկերից (եկամտային հարկ, ավելացված արժեքի հարկ և այլն):
Անձը չի ազատվում անշարժ գույքի հարկից, փոխադրամիջոցների գույքահարկից, հողի հարկից, ինչպես նաև ներմուծվող ապրանքների համար գանձվող ավելացված արժեքի հարկից ու մաքսատուրքերից։
Այն մասով, որով անձը ստացել է հարկերից ազատման արտոնություն, նա չի հանդիսանում հարկային գործակալ, հետևապես ազատված է հարկային հաշիվներ դուրս գրելու և հարկային մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություններից, սակայն, այնուամենայնիվ, կարող է դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր:
2. Ո՞վ է ինքնազբաղված անձը
Ինքնազբաղված անձ կարող է ճանաչվել ֆիզիկական անձ ու անհատ ձեռնարկատերերհանդիսացող անձը (ՀՀ քաղաքացի, օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ)՝ պայմանով, որ․
- բացառապես իրականացնում է օրենքով նախատեսված գործունեության տեսակներից որևէ մեկը (տես՝ ստորև).
- այն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում.
- այն իրականացնում է ինքնուրույնաբար (առանց աշխատող կամ ծառայություն մատուցող ներգրավելու).
- այն իրականացնում է մեկ մշտական վայրի միջոցով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք իրենց բնույթով պայմանավորված չեն մշտական վայրով (օրինակ՝ հաճախորդների տներում ծառայությունների մատուցում).
- նրա հասույթը (չհաշված գործատուից ստացած աշխատավարձը) նախորդ օրացուցային տարում չի գերազանցում 9 միլիոն դրամը.
- նա չի հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ։
3. Գործունեության ո՞ր տեսակների համար է սահմանված հարկային արտոնություն
Արտոնությունը տարածվում է բնակչության պատվերով կատարվող գործունեության հետևյալ տեսակների վրա՝
- կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում,
- հագուստի, գլխարկների, գորգերի և գորգագործական արտադրատեսակների, ոչ թանկարժեք զարդերի արտադրություն ու նորոգում,
- փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,
- համակարգչային ու կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում,
- հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում,
- տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների, այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն, թիթեղագործական գործունեություն,
- ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում,
- մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում,
- նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, լեզուների ուսուցման, բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ,
- պարերի, երգեցողության դասավանդում,
- կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն,
- ստեղծագործական գործունեություն, խնջույքավարների գործունեություն
- կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում,
- դարբնոցային գործունեություն,
- զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:
4. Ինչպե՞ս ստանալ հարկային արտոնությունը
Արտոնություն ստանալու համար հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնել՝
- դիմում(ձևը կա հարկային մարմիններում).
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ կացության քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ) ու դրա պատճենը,
անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև գրանցման վկայականն ու դրա պատճենը։
Հարկերից ազատման արտոնագիրը տրամադրվում է դիմումի օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
5. Ի՞նչ է պետք հիշել դիմումը լրացնելիս
Դիմումը լրացնելիս պետք է ճիշտ նշել՝
- գործունեությունն իրականացնելու կոնկրետ ժամանակահատվածը։ Արտոնությունը սկսում է գործել դիմումի ներկայացման ամսվանից մինչև դիմումում նշված ժամանակահատվածի ավարտը:
- գործունեության այն տեսակը կամ տեսակները, որն (որոնք) անձն իրականացնում է կամ պատրաստվում է իրականացնել։ Դիմումում չնշված գործունեության մասով արտոնությունը չի գործի։
- գործունեության իրականացման վայրը (հասցեն), բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք իրենց բնույթով պայմանավորված չունեն իրականացման մշտական վայր:
Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։