Ծախսերի վերահսկողությունը դրանք բացահայտելու և կրճատելու, հետևաբար՝ շահույթը մեծացնելու գործընթաց է, որն սկսվում է բյուջետավորման գործընթացին զուգընթաց:
Դուք, որպես բիզնեսի սեփականատեր, պետք է համեմատեք փաստացի արդյունքները Ձեր կողմից պլանավորված արդյունքների հետ, և եթե փաստացի ծախսերը ավելի բարձր են, քան նախատեսվում էր բյուջեով, ապա պետք է ձեռնարկել քայլեր Ձեր ծախսերը կառավարելու համար: Օրինակ՝ Դուք կարող եք ստանալ առաջարկ այլ կազմակերպություններից, որոնք ապահովում են միևնույն ապրանքը կամ ծառայությունը առավել ցածր գնով և այդպիսով նվազեցնել Ձեր ծախսերը:
Որքան կարևոր է բյուջետավորումը, այնքան էլ կարևոր է փաստացի և պլանավորված արդյունքների համեմատումը: Հիշեք, որ ամսվա սկզբում պետք է լրացնել կանխատեսվող ծախսերի չափը և ամսվա վերջում համեմատել այն փաստացի ծախսված գումարի հետ: Սա բավականին բարդ է մեծամասնության համար, քանզի շատերը չեն հաշվարկում, թե որքան ծախսեցին գրախանութում, ավտոմեքենայի վառելիքի համար կամ սրճարանում հանդիպումների ժամանակ: Այդ իսկ պատճառով կանխատեսված բյուջեն զգալիորեն տարբերվում է փաստացի ծախսերից:
Ծախսերի վերահսկողության համար կազմե՛ք բյուջետավորման ձևանմուշ և կիրառեք այն՝ առավել լավ պատկերացում կազմելու համար, թե որտեղ եք ծախսում Ձեր գումարները: Ձևանմուշը կարող եք հարմարեցնել Ձեր բիզնեսի կարիքներին, կարող եք ձևանմուշից հանել կամ ավելացնել եկամուտների կամ ծախսերի լրացուցիչ կատեգորիաներ: Լրացրե՛ք ձևանմուշի տողերը, և արդյունքը ավտոմատ կհաշվարկվի:
Պետք է հիշել, որ տարբերակում ենք երկու տեսակի ծախսեր՝ կանխատեսելի և անկանխատեսելի: Օրինակ՝ վարձավճարները, վարկերի ամսական մարումները նախապես ծրագրավորված ծախսեր են: Այդ վճարների չափերը ամսվա կտրվածքով չեն տարբերվում և ֆիքսված են: Սակայն կան ծախսեր, որոնք անկանխատեսելի են, օրինակ՝ հանդիպումների ժամանակ սրճարաններում կատարված ծախսերը: Նմանատիպ ծախսերը ճշգրիտ հաշվարկելու միակ ճանապարհը օրական գրանցումներ կատարելն է: Անհրաժեշտ է գրանցել կատարված ցանկացած ծախս և ցանկացած գնում: Պետք է ներառել անգամ ամենաաննշան գնումները, ինչպիսիք են, օրինակ՝ սուրճը և գրենական պիտույքները: Այնուհետև, յուրաքանչյուր ամսվա ծախսերը հաշվարկելուց հետո հնարավոր կլինի յուրաքանչյուր ամսվա ծախսերը համեմատել նախորդի հետ:
Մինչև լիարժեք պատկերացում չկազմեք Ձեր կատարած ծախսերի մասին, չեք նկատի ծախսերի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Եթե կարծում եք, որ ծախսում եք խնայելով, սակայն իրականում հակառակն է ստացվում, ապա պետք է վերանայել Ձեր ծախսերը, քանի որ յուրաքանչյուր ամիս Դուք ունեք սահմանափակ քանակով գումար, և պետք է կարողանաք ճիշտ տեղաբաշխել այն: Պարզելով, թե որտեղ եք իրականում ծախսում Ձեր գումարները՝ հեշտությամբ կկարողանաք կատարել այս բարդ ընտրությունը։