Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև աշխատաժամանակին հավասարեցված այլ ժամանակահատվածներ:
Աշխատաժամանակը սահմանվում է աշխատանքային ժամանակացույցով, իսկ ժամանակացույցը իր հերթին սահմանվում է գործատուի ներքին կարգապահական կանոններով: Ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ:
Աշխատաժամանակի ռեժիմները
1. Նորմալ աշխատաժամանակ. աշխատանքի նորմալ տևողությունը շաբաթական չի կարող գերազանցել 40 ժամը: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից: Առանձին տեսակի աշխատանքների համար աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ, իսկ միջինում շաբաթական չի կարող անցնել 48 ժամը: Համատեղությամբ աշխատանք կատարելու դեպքում աշխատանքի տևողությունը չի կարող լինել ավել, քան օրական 12 ժամը:
2. Կրճատ աշխատաժամանակ. աշխատանքի կրճատ տևողությունը սահմանվում է անչափահասների համար, ինչպես նաև վնասակար, գերլարված պայմաններում աշխատողների դեպքում: Յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանվում է աշխատաժամանակի նվազագույն և առավելագույն շեմը:
3. Ոչ լրիվ աշխատաժամանակ. աշխատանքի ոչ լրիվ տևողությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, հղի կամ մինչև 1 տարեկան երեխա խնամող աշխատողների, առողջական վիճակի առնչությամբ, հաշմանդամության, հիվանդի խնամքի դեպքերում:
4. Աշխատաժամանակի գումարային հաշվարկը
Գումարային հաշվարկը
- կիրառվում է, երբ որոշ օբյեկտիվ պատճառներով անհնարին է պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողությունը
- հանգստյան օրերը սահմանվում են ժամանակացույցով
- պետք է ապահովվի օրվա և շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տևողությունը, սակայն այլապես օրվա կամ շաբաթվա ընթացքում աշխատաժամանակը կարող է շեղվել նորմալ տևողությունից
- միջինում հաշվարկվող ժամանակահատվածում պետք է ապահովվի աշխատաժամանակի նույն տևողությունը, ինչ նորմալ աշխատաժամանակի դեպքում (գերազանցող ժամերը կհամարվեն արտաժամ, որը պետք է վճարվի, կամ հատուցվի՝ ազատ ժամեր կամ օրեր տրամադրելով):
- կիրառվում է մինչև 6 ամիս տևողությամբ ժամանակահատվածներով
կիրառումն արգելվում է մինչև18 տարեկան աշխատողների նկատմամբ:
Արտաժամյա աշխատանք
Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ դեպքերից որևէ մեկում՝
- աշխատանքը կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար.
- անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում.
- իրականացվում են այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետևանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը
- աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի խափանմանը
- կատարվում են բեռնման կամ բեռնաթափման և դրանց հետ կապված այլ աշխատանքներ` տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար և այլ դեպքերում
- առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը:
Արտաժամյա աշխատանքի չի կարելի ներգրավել`
- մինչև 18 տարեկան աշխատողներին
- հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողներին՝ դասերի օրերին
- առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողներին
ՀՀ օրենսդրությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում
Կարևոր է իմանալ՝
- Հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել բացառապես իրենց համաձայնության առկայության պարագայում։
- Արտաժամյա չի համարվում կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Այդ պաշտոնների ցանկը պետք է սահմանվի գործատուի ներքին կարգապահական կանոններով:
- Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքերում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին:
- Արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը:
Գիշերային աշխատանք
Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22:00-ից մինչև 6:00-ն: Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև18 տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացությունը ներկայացնելուց հետո:
Հերթապահություն
Հատուկ դեպքերում, օրինակ՝ կազմակերպությունում անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ամսական մեկ անգամ աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային ու հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը: Աշխատողի համաձայնությամբ հերթապահությունը կարող լինել նաև շաբաթական 1 անգամ:
Հանգստի ժամանակը
Հանգստի ժամանակը կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:
Հանգստի ժամանակի տեսակներն են`
Ընդմիջումը. ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Եթե արտադրության պայմաններից ելնելով ընդմիջում տրամադրելն անհնար է, աշխատողին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրամադրվում:
Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները. հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Օրինակ, մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե տևողությամբ: Նմանապես, երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը յուրաքանչյուր 3 ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ:
Աշխատանքային օրերի միջև ընկած անընդմեջ հանգիստը. աշխատանքային օրերի միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից: Որոշ դեպքերում ամենօրյա անընդմեջ հանգստի ժամը կարող է ավել լինել:
Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը. Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, բացառությամբ որոշակի դեպքերի: Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից:
Ամենամյա հանգիստը. ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
5.1. Ամենամյա երկարացված արձակուրդ.առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, տրամադրվում է երկարացված արձակուրդ:
5.2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը. տրամադրվում է աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին, չնորմավորված աշխատանքային օրով, հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:
5.3. Նպատակային արձակուրդ. որոշակի նպատակով տրամադրվող արձակուրդներն են՝
- Հղիության և ծննդաբերության արձակուրդը.
- մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
- ուսումնական արձակուրդը
- պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը
- չվճարվող արձակուրդը: