Հաճախ հանդիպող սխալներ, որոնք թույլ են տալիս ստարտափները
Հաճախ, անգամ հիանալի գաղափար ունենալու դեպքում, ստարտափների հիմնադիրները հանդիպում են մի շարք խոչընդոտների և որոշ դեպքերում չեն կարողանում հաղթահարել դրանք, և չունենալով համապատասխան փորձ՝ թույլ են տալիս որոշ սխալներ:
Ստորև ներկայացված են ստարտափների կողմից թույլ տրվող ամենահաճախ հանդիպող 9 սխալները, որոնք հաշվի առնելով կարելի է խուսափել դրանցից:
1. Գործողությունների պլանավորման բացակայություն
Ստարտափի հաջող մեկնարկը, իհարկե, կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ հետագա քայլերի պլանավորումը: Շատ հաճախ սկսնակ ձեռնարկատերերը անտեսում են այս քայլը, որի արդյունքում էլ խճճվում են բիզնեսի կառավարման դժվարությունների մեջ և ձախողվում: Պլանավորումը համարվում է անհրաժեշտ գործիք՝ բիզնեսը ճիշտ կառավարելու և զարգացնելու համար: Պլանավորումը կարելի է իրականացնել բիզնես պլանի, մարքեթինգային պլանի և ֆինանսական պլանի միջոցով, որոնք կօգնեն հստակ պատկերացում կազմել ողջ բիզնեսի ակնկալիքների, նպատակների և հետագա քայլերի մասին, և որի արդյունքում ձախողվելու հավանականությունը կնվազի:
2. Սխալ ժամանակին և սխալ տեղում
Բիզնես գործունեություն սկսելու համար ժամանակը և տեղը շատ մեծ դեր են խաղում: Մինչ ընկերության բացման օրը պետք է ամեն ինչ մտածված և պատրաստ լինի, քանզի փորձը ցույց է տվել, որ ընկերության բացումից հետո կամ գործունեություն ծավալելու ընթացքում էական փոփոխություններ կատարելը՝ ինչպես օրինակ կոնցեպտի կամ ընտրված սեգմենտի փոփոխությունը բացասաբար է ազդում ընկերության գործունեության վրա: Պետք է ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե որն է ամենահարմար տեղը ապրանքը վաճառելու և հաճախորդներին հնարավորինս մոտ լինելու համար: Պետք է վստահ լինել, որ այն ապրանքը, որը Դուք պատրաստվում եք վաճառել, շուկայում ունի պահանջարկ, բացի այդ պետք է նաև վստահ լինել, որ ապրանքը լիովին պատրաստ է շուկայում ներկայացնելու համար: Մյուս կողմից, չպետք է ուշացնել ստարտափի մեկնարկը, քանզի մրցակիցները կարող են առաջ անցնել, և շուկային առաջինը ներկայացնել այն: Կախված ապրանքի կամ ծառայության բնույթից հաշվի առեք սպասվող մեծ իրադարձությունները, միջոցառումները և տոները: Օրինակ, եթե մեկնարկեք Ձեր գործունեությունը դեկտեմբեր ամսին, հավանաբար դրան բավականաչափ ուշադրություն չի դարձվի՝ հաշվի առնելով համացանցում իշխող ամանորյա թեմայով գրառումները և տոնական ակցիաները: Հակառակ դեպքում, եթե Ձեր ապրանքը կամ ծառայությունը սերտ կապված է հենց տվյալ տոնի հետ, ապա այն մեկնարկելու համար ավելի հարմար ժամանակահատված հավանաբար չի լինի: Հաճախ ստարտափները ձախողվում են այս ամենը հաշվի չառնելու պատճառով, հետևաբար խորհուրդ է տրվում սահմանել վերջնաժամկետներ և ձգտել հասնել դրանց՝ համոզված լինելով, որ ընկերությունը լիովին պատրաստ է բացման:
3. Ոչ հստակ նպատակների սահմանում
Սահմանելով հստակ նպատակներ՝ Դուք կհասկանաք, թե որտեղից պետք է սկսեք Ձեր բիզնեսը և ուր պետք է հասնեք: Իմանալով բիզնեսի զարգացման ուղղությունը՝ Դուք կմշակեք հատուկ քայլեր, որոնց օգնությամբ կհասնեք Ձեր առջև դրված բիզնես նպատակներին:
4. Սեփական ապրանքի ու ծառայության թերագնահատում
Հաճախ սկսնակ բիզնեսի ղեկավարների վստահության պակասը և ձախողվելու վախը պատճառ է հանդիսանում թերագնահատելու սեփական ապրանքը և ծառայությունը: Արդյունքում նրանք նվազեցնում են ապրանքի և ծառայության գինը, և դա ազդում է նաև բրենդի ընկալման վրա, իսկ այդ ամենը վերականգնելը շատ երկար ժամանակ է պահանջում: Այդ իսկ պատճառով հարկավոր է մինչ բիզնես սկսելը պատշաճ ուսումնասիրել շուկան և վստահ լինել սեփական հնարավորությունների և արտադրանքի կամ մատուցված ծառայությունների որակի վրա:
5. Ոչ համապատասխան աշխատակիցների ներգրավում
Ստարտափները սովորաբար իրենց գործունեությունը սկսում են միջինում 3-4 աշխատակիցների ներգրավմամբ: Նրանք աշխատում են օրական 18 ժամ իրենց գաղափարը հանրությանը ճանաչելի դարձնելու համար: Սխալ աշխատակցի ընտրությունը մեծ ազդեցություն կունենա ընկերության վրա:
Հետևաբար ճիշտ աշխատակիցների ընտրությունը մեծ դեր է խաղում ընկերությունում, քանի որ նրանցից է կախված ընկերության գործունեության ապագան:
6. Խուսափում նոր տեխնոլոգիաներից
Տեխնոլոգիաների առկայությունը հեշտացնում է ցանկացած ոլորտի բիզնես գործունեությունը: Այն ստարտափի հիմնադիրներին կարող է ապահովել նոր հնարավորություններով, օգնել նրանց աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ և անգամ գումար խնայել: Ճիշտ է, նոր տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է սովորելու և այն կիրառելու համար որոշ ժամանակ և միջոցներ, սակայն այդ ամենից հրաժարվելը կարող է բացասաբար ազդել Ձեր բիզնեսի զարգացան վրա:
7. Թիրախային հաճախորդի սխալ ընտրություն
Հաջողված մարքեթինգի ամենակարևոր քայլերից մեկը հաճախորդների ճիշտ թիրախավորումն է: Հարկավոր է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հստակեցնելու համար, թե որ հաճախորդներին եք ցանկանում ներգրավել, որտեղ կարող եք նրանց փնտրել և ինչպես նրանք կարձագանքեն Ձեր մարքեթինգային գործողություններին: Ամենահաճախ հանդիպող սխալներից մեկն այն է, որ փոքր բիզնեսի ղեկավարները իրենց պոտենցիալ հաճախորդ համարում են բոլորին, փոխարենը հարկավոր է թիրախավորել և ընտրել հաճախորդների կոնկրետ խումբ, նրանց ուղղակիորեն հասնելու և ապրանքը գովազդելու համար, ինչը նաև կխնայի մարքեթինգային ծախսերը:
8. Ծախսերի սխալ կանխատեսում
Նոր բիզնես սկսելիս յուրաքանչյուր ղեկավար պետք է գիտակցի, որ սովորաբար բիզնեսը զարգանում է աստիճանաբար, և հնարավոր է սկզբնական ժամանակաշրջանում չապահովի եկամտաբերության բարձր շեմ: Մի շարք ստարտափներ դադարեցնում են իրենց գործունեությունը միայն այն պատճառով, որ առաջին մի քանի ամիսների ընթացքում աշխատել են վնասով: Նման խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է իրականացնել բյուջետավորում՝ հաշվի առնելով առաջին մի քանի ամիսների գործունեության անընդհատության ապահովման համար անհրաժեշտ միջոցները: Բյուջետավորումը նաև կօգնի փոքր բիզնեսի ղեկավարներին խուսափել հավելյալ ոչ պարտադիր ծախսերից:
9. Մարքեթինգային գործողությունների անտեսում
Սկսնակ ձեռնարկատերերը անտեսում են մի շարք մարքեթինգային գործողություններ, որոնք կարող են լայն ճանաչում բերել ընկերությանը: Ստարտափների համար նպատակահարմար է իրականացնել առցանց մարքեթինգ, որը մեծ ներդրումներ չի պահանջում, և համարվում է քիչ ծախսատար: Ստարտափները պետք է հասանելի լինեն առցանց, քանի որ սպառողների մեծ խումբ նոր ապրանքը կամ ծառայությունը առաջին հերթին փնտրում են համացանցում: Մինչ վեբ կայք ստեղծելը՝ փոքր ընկերությունները կարող են գործել մի շարք սոցիալական ցանցերում, և կարող են հաջողության հասնել՝ ներգրավելով նոր սպառողների:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։